Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Kings 16

:
Armenian - 2018
1 Տերն Անանիի որդի Հեուի միջոցով խոսեց Բաասայի դեմ՝ ասելով.
2 «Որովհետև ես քեզ բարձրացրի փոշուց և քեզ Իսրայելի իմ ժողովրդի վրա իշխան դրեցի, բայց դու գնացիր Հերոբովամի ճանապարհով և մեղանչել տվեցիր Իսրայելի իմ ժողովրդին՝ նրանց մեղքերով ինձ բարկացնելու համար,
3 ահա ես պիտի կործանեմ Բաասային ու նրա տունը և քո տունը պիտի դարձնեմ Նաբատի որդի Հերոբովամի տան պես։
4 Բաասայի տնից քաղաքում մեռնողին շները պիտի ուտեն, և դաշտում նրա մեռնողին պիտի ուտեն երկնքի թռչունները»։
5 Եվ Բաասայի մնացած գործերի՝ և՛ նրա արածի, և՛ նրա քաջագործությունների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
6 Եվ Բաասան ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Թերսայում, և իր որդի Էլան թագավոր դարձավ նրա փոխարեն։
7 Անանիի որդի Հեու մարգարեի միջոցով նաև Տերը խոսքն ուղղեց Բաասայի և նրա տան դեմ այն բոլոր չարիքների պատճառով, որ Տիրոջը բարկացնելու համար նրա առաջ արել էր իր ձեռքով, որ դառնա Հերոբովամի տան նման, որի համար էլ սպանել էր նրան։
8 Հուդայի Ասա թագավորի քսանվեցերորդ տարում Իսրայելի վրա՝ Թերսայում, թագավորեց Բաասայի որդի Էլան. երկու տարի թագավորեց։
9 Նրա դեմ դավադրություն արեց իր ծառա Զամրին՝ կառքերի կեսի հրամանատարը, երբ թագավորը խմել ու հարբել էր Թերսայում՝ Արսայի տանը, որը Թերսայի տան վերակացուն էր։
10 Այդ ժամանակ եկավ Զամրին, հարվածեց ու սպանեց նրան Հուդայի Ասա թագավորի քսանյոթերորդ տարում, և ինքը թագավոր դարձավ նրա փոխարեն։
11 Եվ երբ նրա փոխարեն թագավոր դարձավ ու նստեց գահին, իսկույն կոտորեց Բաասայի ամբողջ տունը և նրա համար ոչ մի արու մարդ չթողեց թե՛ ազգականներից և թե՛ բարեկամներից։
12 Այսպես Զամրին բնաջնջեց Բաասայի ամբողջ տունը Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Բաասայի մասին Հեու մարգարեի միջոցով,
13 Բաասայի բոլոր մեղքերի և նրա որդի Էլայի մեղքերի համար, որ մեղանչեցին և մեղանչել տվեցին Իսրայելին՝ իրենց սնոտիապաշտությամբ բարկացնելով Իսրայելի Աստծուն։
14 Էլայի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
15 Հուդայի Ասա թագավորի քսանյոթերորդ տարում Զամրին Թերսայում թագավորեց յոթ օր. այդ ժամանակ բանակը պաշարել էր փղշտացիների Գաբաթոնը։
16 Եվ պաշարող բանակը լսեց, որ Զամրին դավադրություն է արել և սպանել է թագավորին. այդ օրը ամբողջ Իսրայելը բանակատեղիում Ամրի զորավարին թագավոր հռչակեց Իսրայելի վրա։
17 Ամրին ելավ Գաբաթոնից, և ամբողջ Իսրայելը նրա հետ գնաց ու պաշարեց Թերսան։
18 Երբ Զամրին տեսավ, որ քաղաքն արդեն վերցրել են, մտավ թագավորի պալատի միջնաբերդը, կրակի մատնեց թագավորի տունն իր վրա և մեռավ
19 իր գործած մեղքերի համար, այն չարիքների համար, որ գործել էր Տիրոջ առաջ՝ հետևելով Հերոբովամի ճանապարհին, և Իսրայելին մեղանչել տված նրա մեղքերով։
20 Զամրիի մնացած գործերի և նրա դավաճանության մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
21 Այդ ժամանակ Իսրայելի ժողովուրդը բաժանվեց երկու մասի. ժողովրդի մի կեսը գնաց Գինաթի որդի Թաբնիի ետևից, որպեսզի նրան դարձնի թագավոր, իսկ մյուս կեսը գնաց Ամրիի ետևից։
22 Եվ Ամրիի ետևից գնացած ժողովուրդն ավելի զորացավ Գենաթի որդի Թաբնիի ետևից գնացած ժողովրդից. Թաբնին մեռավ, և թագավորեց Ամրին։
23 Հուդայի Ասա թագավորի երեսունմեկերորդ տարում Ամրին թագավոր դարձավ Իսրայելի վրա և թագավորեց տասներկու տարի։ Նա վեց տարի թագավորեց Թերսայում։
24 Եվ նա Սամերից երկու տաղանդ արծաթով գնեց Սամարիա լեռը, քաղաք շինեց լեռան վրա և իր շինած քաղաքի անունը կոչեց Սամարիա՝ լեռան տիրոջ՝ Սամերի անունով։
25 Եվ Ամրին չարիք գործեց Տիրոջ առաջ և ավելի չար եղավ բոլոր իրենից առաջ եղածներից։
26 Եվ հետևեց Նաբատի որդի Հերոբովամի բոլոր ճանապարհներին ու նրա մեղքերով մեղանչել տվեց Իսրայելին, որ Իսրայելի Տեր Աստծուն բարկացնեն իրենց սնոտիապաշտությամբ։
27 Ամրիի մնացած գործերի և նրա արած քաջագործությունների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
28 Ամրին ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Սամարիայում, և իր որդի Աքաաբը թագավորեց նրա փոխարեն։
29 Եվ Ամրիի որդի Աքաաբը թագավոր դարձավ Իսրայելի վրա Հուդայի Ասա թագավորի երեսունութերորդ տարում, և Ամրիի որդի Աքաաբը Սամարիայում քսաներկու տարի թագավորեց Իսրայելի վրա։
30 Եվ Ամրիի որդի Աքաաբը չարիք գործեց Տիրոջ առաջ և ավելի չար եղավ իրենից առաջ բոլոր եղածներից։
31 Նա դեռ քիչ համարեց, որ գործել էր Նաբատի որդի Հերոբովամի մեղքերը, սիդոնացիների թագավոր Եթբաադի աղջիկ Հեզաբելին էլ կին առավ իր համար և գնաց ու պաշտեց Բահաղին և երկրպագեց նրան։
32 Եվ Սամարիայում Բահաղի համար իր կառուցած Բահաղի տանը մի զոհասեղան շինեց։
33 Եվ Աքաաբն Աստարովթի մի կուռք շինեց և Աքաաբը շարունակեց այնպես անել, որ Իսրայելի՝ իրենից առաջ եղած բոլոր թագավորներից ավելի շատ բարկացրեց Իսրայելի Տեր Աստծուն։
34 Նրա օրոք բեթելացի Հիելը շինեց Երիքովը. իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրեց նրա հիմքը և իր կրտսեր որդի Սեգուրի հետ կանգնեցրեց նրա դռները Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Նավեի որդի Հեսուի միջոցով։